ՀՈԳԵԲԱՆ ONLINE

Հոգեթերապևտի աշխատանքի էթիկա

Երկակի հարաբերությունների արգելք

Հոգեթերապևտիկ աշխատանքը ունի էթիկակա պահանջ, որը արգելում է հոգեթերապևտին այցելուի հետ ունենալ ցանկացած այլ տիպի հարաբերություններ, այլ միայն հոգեթերապևտիկ։

“Հոգեթերապևտիկ հարաբերություններ” նշանակում է հոգեբանական հոգեթերապևտիկ մեթոդների կիրառմամբ այցելուի հոգեկան տառապանքը մեղմում, հոգեկան տարբեր ախտանիշների վերացում, որը իրականացվում է խոսքի միջոցով, դրա համար նախատեսված վայրում, որոշակի աշխատանքայի ժամերի, որոշակի կանոններով։

Ինչու է այս նորմը այդչափ կարևոր։

Հոգեթերապիաի ընթացքում այցելուն և հոգեբանը հաղորդակցում են հոգեկանի մի քանի մակարդակներով։

Գիտակցական մակարդակում այցելուն հոգեթերապևտի հետ կազմում է թերապևտիկ ալյանս, որը գիտակցական պայմանավորվածություն է համատեղ ուժերով աշխատել այցելուի խնդիրը հաղթահարելու ուղղությամբ։

Դրան զուգահեռ՝ անգիտակցական մակարդակում այցելուն բոլորի տիպի հոգեթերապևտիկ միջամտությունների դեպքում զարգացնում է հոգեբանական մի գործընթաց՝ ՏՐԱՆՍՖԵՐ, որի ընթացքում նա՝ այցելուն հոգեթերապևտի վրա է տեղափոխում, պրոյեկտում իր անգիտակցական, ինֆանտիլ ցանկություններն ու կարիքները։

Այդ ցանկություններն ու կարիքները տարբեր պատճառներով հնարավոր չէ բավարարել, դրանք կամ ռեալիստական չեն, կամ արգելված են։ Մարդը իր հոգեկան զարգացման ընթացքում օգտագործելով իր հոգեկան պաշտպանական մեխանիզմները ձեռք է բերում հոգեկան որոշակի հավասարակշռություն, այնպես, որ նրա ինֆանտիլ կարիքները իրեն չանհանգստացնեն։ Այսինքն ձևավորում է որոշակի բնավորություն։

Մարդու կյանքի ընթացքում պատահում է այնպես որ արտաքին կամ ներքին որոշակի տրավմատիկ ազդեցությունների ներքո, մարդու ինֆանտիլ այս կարիքները ակտիվանում են և հոգեկան պաշտպանական մեխանիզմները արդեն չեն կարողանում դրանք զսպել ու երևան են գալիս ամենատարբեր հոգեկան ախտանիշները։ Առաջին ազդանշանը տագնապի մակարդակի բարձրացումն է, որը ազդարարում է, որ հոգեկան պաշտպանական մեխանիզմները չեն կարողանում իրենց գործառույթը իրականացնել, դրանից հետո, արդեն երկրորդային ձևավորվում են հոգեկան ախտանիշները, օրինակ՝ ֆոբիաներ, կպչուն մտքեր, դեպրեսիա, խուճապային վիճակներ, հոգեսոմատիկ ամենատարբեր դրսևորումներ, որոնք փորձում են պաշտպանել մարդուն ակտիվացած ինֆանտիլ կարիքների բավարարումից և այն կոնֆլիկտից, որ առաջանում է, քանի որ գիտակցական մակարդակում մարդը գիտե, որ դրանց բավարարում կամ հնարավոր չէ, կամ արգելված է։

Այս իմաստով` հոգեկան ախտանիշը յուրօրինակ պաշտպանություն է այն տագնապի դեմ, որը առաջ է գալիս, երբ ալևս հնարավոր չէ զսպել ինֆանտիլ ցանկությունները և բնազդային մղումների հոսքը։

Երբ մարդը սկսում է հոգեթերապիա, նա շփվում է հոգեթերապևտի հետ երկու մակարդակով։

Առաջինը՝ դա նրա անձի հասուն մասն է, որը ըստ էության և բերել է նրան հոգեթերապևտի մոտ։ Անձի հասուն մասով մարդը ձևավորում է հոգեթերապևտի հետ այսպես կոչված «թերապտիկ ալյանս», որտեղ կա պայմանավորվածություն, որ թերապևտը պիտի օգնի նրան ազատվել իր խնդիրներից, որի դիմաց այցելուն խոստանում է հաճախել թերապիայի, վճարել դրա համար և սպասել արդյունքի։

«Թերապևտիկ ալյանսին զուգահեռ»` անձի ոչ հասուն մասով այցելուն սկսում է զարգացնել հոգեթերապևտի հանդեպ «տրանսֆերենտ հարաբերություններ», որտեղ նա չգիտակցելով դա լիովին, բայց ակնկալում է, եր հոգեթերապևտը պիտի բավարարի նրա բոլոր կարիքներըէ սնկախ նրանից հնարավոր է դա, արդյո՞ ք, թե` ոչ։

Որքան մարդը հոգեպես ավելի անառողջ է,այնքան տրանսֆերը ավելի ինտենսիվ է, հուզական առումով ավելի թեժ և անհետաձգելի։

Հոգեբանի խնդիրն է զգալ, հասկանալ տրասֆերը և մեկնաբանել այն այցելուին։

Սյսինքնէ թե այստեղ ու հիմա սեանսի մեջ որն է նրա ցանկությունը և վախը, այսինքն գիտակցության դաշտ բերի և լեզվամտածողության առարկա դարձնի անգիտակցական կոնֆլիկտը։

Այս մեկնաբանությունը, եթե այն հասել է իր նպատակակետին, այցելուին անմիջական թեթևություն է բերում, առանձին դեպքերում բացահայտում նրա համար իր կարիքները։

Բայց սրանով գործը չի ավարտվում, քանի որ կա իներցիա և անհրաժեշտ են սեանսներ, որ այդ իներցիան հաղթահարվի, այսինքն տեղի ունենա բացահայտվածի հոգեկան մշակում ու դրա ընդունում այցելուի անձի հասուն գիտակցական մասի կողմից։

Հոգեկան այս մշակման մեջ անձի երկու` ինֆանտիլ և հասուն կողմերը միավորվում են, տեղի է ունենում ինֆանտիլի ինտեգրացիա, ասսիմիլյացիա հասունի հետ, և, անձի հոգեկան հասունության մակարդակը բարձրանում է, անձը աճում է։ Հոգեթերապևտիկ այս աշխատանքի ընթացքում աստիճանաբար, հաճախ անվերադարձ վերանում, անհետանում են հոգեկան ախտանիշները։

Այցելուի անգիտակցականը դիմադրում է, քանի որ բացահայտումները ցավոտ են, եվ կարող է պատահել այնպես, որ նա ուժեղ հուզական ճնշում գործադրի հոգեթերապևտի վրա և դրդի նրան, որ վերջինս բավարարի նրա այս ինֆանտիլ կարիքները։ Այս դեպքում հոգեթերապևտը կարող է զգալ, որ նա ցանկանում է անել մի բան, որը մասնագիտական սահմանների խախտում է։

Բանիմաց, իր գործի վարպետ հոգեթերապևտի համար սա լուրջ տագնապային ազդանշան է այն մասին, որ այցելուն ունի լուրջ դիմադրություն և որ նրանք հասել են մի կետի, որից այն կողմ, այցելուն շարժվել չի ուզում, քանի որ մեծ ցավ կզգա։

Պրոֆեսիոնալ հոգեթերապևտը իրականացնելով ներքին լուռ աշխատանքը, որը կոչվում է «կոնտրտրանսֆերի վերլուծություն» դրանից հետո, կարող է այցելուին մեկնաբանել, թե օրինակ՝ ինչ կարող է նշանակել նրա ցանկությունը սուրճի գնալ հոգեթերապևտի հետ, կամ հոգալ նրա մեկ այլ կարիքը։

Այս մեկնաբանությունը կրկին թեթևություն է բերում այցելուին և նրանք շարունակում են միասին աշխատել այս բացահայտումների շուրջ, որքսնով են այցելուի ցանկություններն ու կարիքները իրատեսական, ինչ աղբյուրներից են սերում, միասին ապրել ու կիսել այն ցավը, երբ պարզ է դառնում, որ այցելուի ցանկությունը այն կերպ, ոնց նա ապրում է, հնարավոր չէ բավարարել։

Այս աշխատանքի արդյունքում աստիճաբաբար տեղի է ունենում ցանկությունների ու կարիքների տրանսֆորմացիա, ներքին ստեղծագործական աշխատանք է տեղի ունենում, որը թույլ է տալիս կարիքները հոգալ հասարակության կողմւց ընդունված եղանակներով, և հրաժարվել անհնար ցանկություններից, սգալ դրանց կորուստը և սփոփվել։

Լինում են դեպքեր, երբ այցելուն ինտենսիվ հուզական ճնշում է գործադրում թերապևտի վրա, իսկ թերապևտն էլ իր հերթին կամ թրծված չէ, կամ էլ դիլետանտ է է և ենթարկվելով ճնշմանը ու ապրելով անօգնականության զգացում` անցնում է գործի, և հոգեթերապևտիկ միջամտության, մեկնաբանության փոխարեն փորձում բավարարել այցելուի ցանկություններն ու կարիքները։

Հոգեթերապևտը «ակտինգ» է անում, այսինքն մտքի փոխարեն անում է գործողություն։

Այս պահից սկսած հոգեթերապիայի նպատակը այլասերվում է` հոգեթերապևտը և այցելուն փոխադարձաբար միմյանց օգտագործում են, երկուսն էլ իրենց կարիքները բավարարելու համար։

Թերապևտը այցելուին օգտագործում է իր ինքնագնահատականը վերականգնելու համար, այցելուն թերապևտին օգտագործում է իր կարիքները բավարարելու նպատակով։

Այցելուն վնասվում է, քանի որ հոգեթերապիա չի ստանում և նրա խնդիրը մնում է չլուծված։ Գումարած` նա իր գրպանից պետք է վճարի դրա համար։

Այս իրավիճակում թերապիան տուպիկ է մտնում և, եթե հոգեթերապևտը գիտակցաբար չի օգտագործում այցելուին, ապա նա ի վերջո կամ գլուխը պետք է ազատի հերթական հիասթափությունը պատճառելով այցելուին, կամ, որ ավելի վատ է, էլ ավելի ներքաշվի և ինքն էլ ուղիներ գտնի ստեղծված իրավիճակից իր օգուտը ստանալու։

Այսպիսով հոգեբանի և այցելուի միջև ձևավորում են յուրօրինակ, անառողջ հարաբերություններ, որոնք ոչ մի դեպքում թերապևտիկ էֆֆեկտ չունեն, այլ միայն երկուստեք խորացնում են նրանցից յուրաքանչյուրի սեփական նևրոզը։

Սա է պատճառը, որ ցանկալի չէ, որ հոգեթերապևտը այցելուի հետ հաստատի այլ տիպի հարաբերություններ քան հոգեթերապևտիկը։

Իսկ եթե Դուք հոգեթերապևտ եք, և Ձեր կամքից անկախ հայտնվել եք նման իրավիճակում, ապա լավ կլինի դեպքը քննարկեք ավելի բանիմաց կոլեգայի՝ սուպերվիզորի հետ։

Իսկ այցելուներին խորհուրդ կտամ հեռու մնալ այնպիսի հոգեթերապևտներից, ովքեր խախտում են մասնագիտական սահմանները և, բացի հոգեթերապևտիկ հարաբերություններից ձգտում են հաստատել Ձեզ հետ այլ հարաբերություններ` գործնական, ընկերական, սիրային և այլն։

Վերջում նշեմ, որ ճիշտ է տրանսֆերի հասկացությունը բացահայտվել և մշակվել է հոգեվերլուծության մեջ, այնուամենայիվ ժամանակակից հոգեթերապևտիկ գրեթե բոլոր ուղղություններում հաշվի է առնվում այս ֆենոմենի առկայությունը և դրանից բխող վտանգները, ինչի դեմ էլ նախատեսվել է էթիկական նորմը, որը արգելում է հոգեթերապևտին և այցելուին ունենալ այլ հարաբերություններ բացի հոգեթերապևտիկը։

Նույնիսկ այն դեպքում, երբ թերապիան արդեն ավարտվել է, միևնույն է տրանսֆերը կարող է պահպանվել և դրա պատճառով, նույնիսկ հոգեթերապիայի ավարտից հետո, կրկին խորհուրդ է տրվում որոշակի դիստանցիա պահել նախկին այցելուների հետ։ Եվ, փորձել հասկանալ` ինչ կարող է թաքնված լինել նման ցանկությունների հետևում, մ՞իգուցե տվյալ այցելուի հետ հոգեթերապիան դեռ ավարտված չէ …