ՀՈԳԵԲԱՆ OnLine

Ի՞նչու Ֆրոյդը հրաժարվեց հիպնոզից և ինչ տեղի ունեցավ դրանից հետո

Հայտնի փաստ է, որ հոգեթերապիայի պատմությունը սկսվում է հիպնոզից, կամ հիպնոթերապիայից։

19-դարի ընթացքում հիպնոզը լայնորեն կիրառվում էր Եվրոպայում մասնավորապես Ֆրանսիայում հիստերիայով տառապող մարդկանց բուժելու նպատակով /Ժան Շարկո, Պիեռ Ժանե, Օգյուստ Լյոբո, Իպպոլիտ Բերնհեյմ/։

Հենց Ֆրանսիայում էլ Ֆրոյդը ծանոթացավ հիպնոթերապիային դեռ ուսանող տարիներին, երբ, շահելով կրթաթոշակ, Վիեննայի համալսարանից ուղևորվեց Ֆրանսիա ծանոթանալու հիպնոզի մեթոդին։

Վերադառնալով Ավստրիա նա իր ընկերոջ Իոսիֆ Բրեյերի հետ միասին սկսեց կիրառել հիպնոթերապիան հիստերիայով և նյարդային լարվածությամբ տառապող մարդկանց օգնելու համար։

“Հիստերիա մասին էտյուդներում”/1895թ․/ Ֆրոյդը նկարագրում է Բրեյերի հայտնի այցելուի՝ Աննա Օ․-ի դեպքը, որպես հիպնոթերապիայի միջոցով բուժման օրինակ։

Այդ աշխատության մեջ սակայն Ֆրոյդը չի նկարագրում, թե ինչ շարունակություն է ունենում սույն բուժումը։ Աննա Օ․-ի բուժումը ավարտելուց մի քանի օր անց Բրեյերին շտապ կանչում են նրա մոտ, քանի որ  Աննան զառանցանքում էր․ նա ապրում էր երևակայական ծննդաբերություն և պնդում էր, որ բժիշկ Բրեյերից երեխա է լույս աշխարհ բերում: Բժիշկը կարողացավ ուշքի բերել Աննային, բայց հաջորդ օրը նա շտապ արձակուրդ վերցրեց, վերցրեց կնոջը և հեռացավ քաղաքից։

Այն ինչ տեղի ունեցավ բժիշկ Բրեյերի և Աննա Օ․-ի միջև, բժշկի հանդեպ առաջացած անվերահսկելի, իրական հարաբերություններին և իրավիճակին անհամապատասխան ուժեղ զգացմունքներ էին, որը առաջացել էր հիպնոթերապիայի ընթացքում և որը Զիգմունդ Ֆրոյդը հետագայում անվանեց “ՏՐԱՆՍՖԵՐ”։

Ֆրոյդը իր կլինիկական պրակտիկայի մեջ ևս նկատել էր, որ այցելուները կարող են զարգացնել բժշկի հանդեպ ուժեղ, իրավիճակին և բժիշկ-այցելու հարաբերություններին ոչ հարիր զգացմունքները։ Ըստ Ֆրոյդի՝ այցելուն տեղափոխում էր, այստեղից էլ “տրանսֆեր” բառը, բժշկի վրա, անգիտակցական այն  զգացմունքներն ու ապրումները, որոնք նա տածում էր իր առաջնային օբյեկտների, այն է ծնողների և խնամողների հանդեպ։

Հիպնոթերապիայի ընթացքում ոչ մի հնարավորություն չկար այցելուի հետ՝ նշված տրանսֆերենտ զգացմունքները քննարկելու, մեկնաբանելու, ինչը միայն ձևն էր դրանց հուզական ուժը թուլացնելու։ Թերևս, սա էր պատճառներից մեկը, որ Ֆրոյդը հրաժարվեց հիպնոզից։

Երկրորդ պատճառն այն էր, որ Ֆրոյդի դիտարկմամբ այցելուների ուղիղ կեսը չէր ենթարկվում հիպնոզի, հետևաբար նրանց այս կերպ օգնել հնարավոր չէր։

Երրորդ պատճառը, ըստ նրա, գիտակցությունից արտամղված բովանդակությունների արհեստական ներմուծումն էր գիտակցության դաշտ։ Այդ բովանդակությունները բժիշկը իմանում էր այցելուին հիպնոտիկ քնի ենթարկելուց հետո, և նրան արթյնացնելուն պես հայտնում դրանք նրան։ Այդպիսով այցելուն ոչ թե բնական ձևով վերհիշում էր, այլ դրանք արհեստականորեն հաղորդվում էին նրան։ Դա, ըստ Ֆրոյդի չէր նպաստում, որ դրանք բնականոն ձևով ինտեգրվեն նրա հոգեկանում, կապվելով մյուս բովանդակությունների հետ։ Այսինքն դրանք մնում էին որպես առանձին միավորներ, չնայած նրան, որ այցելուն որոշակի թեթևություն էր ապրում, դրանք իմանալով և որոշակի վիճակի բարելավում։

Հրաժարվելով հիպնոզից՝ Ֆրոյդը այնուամենայնիվ, դեռ որոշ ժամանակ կիրառում էր ներշնչման մեթոդը, ձեռքի ափը դնելով այցելուի ճակատին, թեթևակիորեն սեղմելով և հրահանգելով նրան հրահանգելով նրան, որ հիմա նա ամեն ինչ կհիշի։ Սա տևեց մինչև այն պահը, երբ այցելուներից մեկը բարկացավ, ասելով, որ դրանով նա իրեն միայն խանգարում է։

Ֆրեյդը բավական ճկուն էր նրա խոսքերի մասին մտածելու համար։ Այս պահը շրջադարձային դարձավ նրա աշխատանքում։

Դրանից հետո Ֆրոյդը հրահանգում էր այցելուներին ասել իրեն այն ամենը, ինչ կգա նրանց գլուխը/միտքը տվյալ պահին։ Սա այսպես կոչված հոգեվերլուծության հիմնական կանոնն էր։լ

Այս կանոնի հիմքում ընկած էր ազատ զուգորդությունների մեթոդը, որը նոր եղանակ էր, որի միջոցով անգիտակցական նյութը հասանելի էր դառնում թերապևտին և այցելուին հոգեթերապևտիկ սեանսի ընթացքում։

1900 թվականին լույս տեսավ Զիգմունդ Ֆրոյդի ֆինդամենտալ “Երազների մեկնաբանություն” աշխատությունը, որտեղ նա նկարագրում էր, թե ինչ է անգիտակցականը, ինչ օրենքներ ու օրինաչափություններ այն ունի և ինչպես կարելի է այն հասկանալ ու մեկնաբանել հոգեվերլուծական մեթոդի կիրառությամբ։

Այսպես հիմնադրվեց հոգեվերլուծական մեթոդը, որպես հոգեթերապիայի ամենահին, հարյուր տարուց ավելի պատմություն ունեցող մեթոդի, որը կիրառվում է մինչ այժմ թեթևացնելով մարդկանց հոգեկան տառապանքն ու ազատելով նրանց իրենց հոգեկան խնդիրներից։