ՀՈԳԵԲԱՆ OnLine

ՆևՐՈԶ .․․ դեղորայքային բուժում, թե հոգեթերապիա

Բոլորիս քաջ հայտնի է, որ “Նևրոզ” ախտորոշումով” հիվանդներին Հայաստանում ավանդաբար նշանակում են դեղորայքային բուժում։ Սակայն վերջին տարիների ընթացքում Հայաստանի հանրապետությունում հոգեբանության և հոգեթերապիայի ակտիվ զարգացման արդյունքում նևրոզները սկսեցին բուժել նաև հոգեթերապիայի կիրառությամբ։

Հոգեթերապիան հոգեբանական տարբեր խնդիրների, հոգեկան ոչ ծանր խանգարումների բուժման եղանակ է, որը իրականացվում է խոսքի, զրույցի միջոցով, հոգեբանական, հոգեթերապևտիկ մեթոդների կիրառությամբ։

Այս ենթատեսքում ինձ այցելող ամեն երկրորդ այցելուի համար խիստ արդիական է մնում այն հարցը բուժել նևրոզը դեղորայքով, թե դիմել հոգեթերապիայի օգնությանը։

Ընդ որում, այցելուները բաժանվում են մի քանի խմբի․

1․Այցելուներ, ում անակնկալի է բերել նևրոզը, իր ախտանիշներով՝ տագնապ, ընկճվածություն, սրտխփոց, դող, շնչահեղձության, սիրտը թուլանալու զգացողություններ, ընդհանուր ճնշված հոգեվիճակ, տանից դուրս գալու անհնարինության, ցանկությունների բացակայություն և այլն։ Այս մարդիկ շփոթված են այդ իրավիճակից, ուզում են րոպե առաջ իրենց առողջ զգալ, բայց վախենում են դեղորայք ընդունելուց։ Ամենասարսափելի բառը նրանց համար “հոգեմետ դեղեր”արտահայտությունն է։ Եվ, ահա, այս իրավիճակում ծանոթ բարեկամները նրանց խորհուրդ են տվել դիմել հոգեբանի։

2․Երկրորդ խմբի այցելուները նևրոզի ախտանիշները զգալուն պես չեն հապաղել և դիմել են նյարդաբանի օգնությանը, հիմնականում համայնքային պոլիկլինիկաներում։ Նրանց սկսել են բուժել թույլ հանգստացնողներով, ապա հոգեմետ դեղերով։ Որոշ ժամանակ դեղորայքը օգնել է, բայց այնուհետև նևրոզը կրկնվել է, և նրանք կրկին ստիպված են եղել դեղորայք ընդունել, կրկին լավ են զգացել, ապա նորից վատ և իհարկե հիասթափվել բուժող բժշկից դեղերից։ Այս խմբում պատահում են նաև այցելուներ, ովքեր դեղորայքային բուժումը կիսատ են թողել իրենց հայտնի և անհայտ պատճառներով։ Եվ, կրկին հայտնվել են մեր կաբինետում։

3․ Երրորդ խումբը մարդիկ են, ովքեր դեղորայք են խմել և նևրոզի ախտանիշները նրանց մոտ վերացնել են։ Այս մարդիկ մեր կաբինետում չեն հայտնվում և համոզված են, որ նևրոզը կարելի է բուժել դեղորայքային եղանակով։

Դուք կհարցնեք իհարկե, թե ինչպե՞ս դա կարող է պատահել։

Ես կպատասխանեմ, որ կարող է պատահել և իրականում, այդպես ևս պատահում է։ եվ, ահա թե ինչու՞․․․

Նևրոզը հոգենյարդային հիվանդություն է։ “Հոգե” բառը այստեղ պատահաբար չի հայտնվել նյարդայինից առաջ։ Սա այն պարզ պատճառով, որ նևրոզի պատճառները ներհոգեկան են, հոգեկան բնույթի են։ Հոգեկանը մարդու հատկությունն է, որի հիմքը նյարդային համակարգն է։ Բայց այն չի հանգեցվում նյարդային համակարգին, այլ դրանից առանձին կառույց է մեր ներսում։ Դա մեր ներաշխարհն է, մեր հոգին։

Դեռևս 150 տարի առաջ եվրոպացի հոգեբույժներն ու բժիշկները ուսումնասիրելով նևրոզով տառապող մարդկանց հանգեցին այդ եզրակացությանը և ստեղծեցին նևրոզի բուժման հոգեբանական, հոգեթերապևտիկ մեթոդ՝ որը իրականացվում է զրույցի ձևով։

Սա է պատճառը, որ զարգացած երկրներում, նևրոզի բուժման առաջին ցուցումը հոգեթերապիան է, որը իհարկե չի բացառում, որ այն կարող է առանձին դեպքերում ուղեկցվել դեղորայքային բուժմամբ։ Այդ դեպքերին ես կանդրադառնամ ավելի ուշ։

Հայաստանի հանրապետությունում, որ ԽՍՀՄ մասն էր 70 տարի շարունակ հոգեթերապիայի տարբեր ուղղությունները արգելված էին։ Այդ էր պատճառը, որ նևրոզով հիվանդներին ավանդաբար բուժում էին նյարդահոգեկան կլինիկաներում դեղերով։ Քանի որ նևրոզը մեծ հոգեբուժության մասը չի, ապա հոգեբույժները մեծահոգաբար սույն առողջ մարդկանց փոխանցում էին պոլիկլինիկաների նյարդաբաներին, ովքեր և իրականացնում էին նրանց բուժումը։

Այս ավանդույթը Հայաստանում պահպանվում է մինչ այժմ։ Ավելին նյարդաբանները մեծ խանդոտությամբ են վերաբերվում հոգեբաններին, ովքեր հավակնում են բուժել նևրոզ հոգեթերապիայի միջոցով։ Եվ, ես շատ հազվադեպ եմ հանդիպում այցելուների, ում նյարդաբանը խորհուրդ է տվել հոգեթերապիայի միջոցով բուժել նևրոզը։ Նրանք դրան ուղղակի չեն հավատում։ Եթե կան նյարդաբաններ, ովքեր ուղղորդում են, ապա դրանք ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են։ Եվ, ես այդպիսի դեպքեր ունեցել եմ։

Ինչպես արդեն ասացի, նևրոզը հոգեբանական պատճառներ ունի, այն ներքին չգիտակցված, հետևաբար լուծման համար անհասանելի կոնֆլիկտի դրսևորումն է հոգենյարդային սուր լարվածության, տագնապի, հաճախ խուճապի հասնող, տարաբնույթ այլ` ոչ տրամաբանական ախտանիշների տեսքով, որոնք են ֆոբիաները, կպչուն մտքերը, դեպրեսիան, ընկճվածությունը։

Նևրոզը առաջանում է այնտեղ, որտեղ մարդու անձնային աճը որևէ պատճառով անհնար է դառնում։ Նևրոզը ինֆանտիլ երևույթ է, դրանում արտահայտված են մարդու անձի ոչ հասուն կողմերը։

Հետևաբար նևրոզի բուժումը, դրա վերջնական ամոքումը՝ անձնային աճն է, որը հնարավոր է դառնում միայն, երբ մարդը գիտակցում է իր ոչ հասուն մասերը, կոնֆլիկտները և այլն։ Եվ, քանի որ մարդը շատ դեպքերում ունակ չէ միայնակ ներհայել իր անձի ոչ հասուն կողմերը, այդ հարցում նրան օգնության է գալիս հոգեթերապևտը։

Հատուկ կանոններով կառուցված թերապևտիկ կադրում, սեանսի ժամանակ մարդը արտահայտում է իրեն, իր անձի տարբեր կողմերը, իսկ թեևապևտը դա ընկալում և հայտնում մարդուն այդ մասին։ Թերապևտը նախապես սովորում է հոգեթերապևտիկ մեթոդ, որը օգնում է նրան հասկանալ մարդուն։ Այստեղ տեղին է նշել, որ թերապևտի դատողությունները միշտ ենթադրությունների ձևով են արտահայտվում և միայն այցելուին է տրված իրավունք իր ապրումների օգնությամբ զգալ, հաստատել կամ ժխտել դրանց ճշմարտացիությունը։ Այս կերպ թերապիան առաջ է շարժվում ընդլայնելով մարդու պատկերացումները իր մասին, որին զուգահետ նևրոզի ախտանիշները աստիճանաբար թուլանում են և ի վերջո` վերանում։ Հոգեթերապևտը ոչ մի դեպքում չի առաջարկում այցելուի կոնֆլիկտի լուծումներ, նա միայն օգնում է նրան հասկանալ իր կոնֆլիկտը, իսկ լուծումներ տալը, դա այցելուի գործն է։

Այս իմաստով, նևրոզի վերջնական լուծումը հոգեթերապիան է։

Բայց սա չի նշանակում, որ բոլոր դեպքերում և բոլոր իրավիճակներում հոգեթերապիան կարող է աշխատել և չպետք է օգտվել դեղորայքային բուժումից։

Նման պնդում անելը սխալ կլիներ։

Կան իրավիճակներ և մարդիկ, ում ցուցված է հոգեթերապիա, կան մարդիկ ու իրավիճակներ, որտեղ միակ լավագույն լուծումը դեղորայքային բուժումն է։

***

Եվ, այսպես, որ դեպքերում հոգեթերապիա և, որ դեպքերում դեղորայքային բուժում և որ դեպքերում երկուսի համադրություն։

Ինչպես արդեն նշեցի վերևում նևրոզը իր վերջնական հանգուցալուծումը ու բուժումը ստանում է միայն խորքային հոգեթերապիայի ընթացքում։

Խորքային հոգեթերապիան պահանջում է

1․Ժամանակ, ցանկություն, գումար

2․Հասկացողություն, գաղափար, թե ինչ է հոգեթերապիան։

3․Ինքն իր անձի շուրջ խորհելու ցանկություն և կարողություն, ունակություն ինքն իր մեջ փնտրելու իր խնդիրների պատճառները։

4․Նևրոզից ստացվող կողմնակի օգուտները չպետք է գերազանցեն դրա տառպանքից ազատվելու ցանկությանը։ մարդը չպետք է շատ մեծ օգուտ ունենա իր նևրոզից։ Այս մասին կխոսեմ ավելի ուշ։

5․ Մարդու տարիքը չպետք է լինի այնպիսին, որ թերապիայի արդյունքում ստացված գիտելիքը միայն ափսոսանքի ցավ առաջ բերի նրա մոտ, այն առումով, որ նա իր կյանքը ապրել է մի ձևով, բայց կարող էր ապրել այլ կերպ։ Հոգեկան այս ցավը ես ռեալ դիտարկել եմ և այն շատ ուժեղ կարող է լինել, և մարդը այս դեպքում կընդհատի թերապիան և, հնարավոր է նա իրավացի լինի։

6․ Հոգեթերապիա սկսելու համար մարդը նաև պետք է հոգեկան որոշակի հասունություն ունենա։ Շատ ինֆանտիլ մարդիկ ևս վատ այցելուներ են։ Անձի ինֆանտիլ մասեր ունենալը, նույնը չէ, ինչ ինֆանտիլ անձը։ Դրանք տարբեր են։

7․Տարբեր այլ հոգեախտաբանական բնավորության տիպեր, որոնք ենթական չեն վերլուծության և կարող են նույնիսկ դրանից վնասվել։

8․Նևրոզի ախտանիշների գերակշռող մասը մարմնային են՝ ցավեր, թմրածություն, որևէ օրգանի դիսֆունկցիա, ձեռք, ոտք թուլանալ, տեսողության, լսողության թուլացում, մաշկային տարբեր զգացողություններ, և մարդը չի կապում դրանք հոգեկան տառապանքի հետ և չի հասկանում, թե ինչպես հոգեթերապիան կարող է իրեն օգնել։

Բոլոր այս և նմանատիպ իրավիճակներում գերադասելի և միակ լուծումը դեղորայքային բուժումն է։

Դեղորայքային բուժման դեպքում քիմիական ճանապարհով փոխվում է օրգանիզմի նյարդային ռեակցիաները, որի արդյունքում տագնապը նվազում է և մարդը ժամանակավորապես իրեն լավ է զգում։

Որոշ մարդկանց հոգեկան աշխարհը կառուցված է այնպես, որ դեղորայքի ազդեցությամբ ձեռք բերված հոգեկան հանգստության պայմաններում նրանք կարողանում են որոշակի ներքին ներուժ ակտիվացնել և ինչ-որ լուծումներ գտնել իրենց խնդիրների համար։

Որոշ մարդիկ չունեն այդ ունակությունը և դեղորայքը թողնելուն պես նևրոզի ախտանիշները կրկին գլուխ են բարձրացնում։

Երրորդ դեպքում մարդը ունի մեծ կողմնակի օգուտ իր հիվանդությունից, որը գերակշռում է առողջանալու ցանկությանը։ Սրանք այն մարդիկ են, որոնք իրենց հայտնի և անհայտ պատճառներով ցանկացած բուժում միշտ կիսատ են թողնում, հենց որ զգում են, որ պատկերավոր ասած “բուժման հոտ” է գալիս։

Դեղորայքային բուժման դիմելու մյուս դեպքը դա սուր վիճակներն են, երբ մարդը այնքան վատ է իրեն զգում, որ ի վիճակի չէ աշխատել հոգեթերապևտի հետ։ Այս դեպքում միանշանակ անհրաժեշտ է սկզբում դեղորայք, ապա, երբ մարդը կվերագտնի իր հոգեկան հավասարակշռությունը՝ հոգեթերապիա։ Սա, այն դեպքերն են, երբ հոգեթերապիան զուգորդվում է դեղորայքային բուժման հետ։ Մարդու նևրոզի ախտանիշների նվազմանը զուգընթաց դեղորայքը աստիճանաբար նվազեցնում են և հանում։

Վերջում նշեմ, որ Նևրոզը միշտ ուղերձ է, նևրոզի սիմպտոմները մեզ միշտ ինչ որ բան են ասում, միաժամանակ լռելով։

Մարդը խոսում է մեզ հետ մարմնով և անհամարժեք էմոցիաներով /ֆոբիաներ, տագնապ, չհիմնավորված թախիծ/ կամ կպչուն սևեռուն, ոչ արդյունավետ, կրկնվող մտքերով, մտավոր գործողությամբ։

Հոգեթերապևտիկ գործընթացը թարգմանչական այդ նուրբ արվեստն է, որը թույլ է տալիս վերածել հոգեկան տառապանքը խոսքի, այսպիսով հնարավորություն տալ մարդուն խորհել դրա շուրջ, որն էլ և ազատագրում է նրան նևրոզի ախտանիշներից։

Պարզել, թե որքանով է հենց Ձեզ համար արդյունավետ հոգեթերապիան հնարավոր է միայն հոգեթերապևտի մոտ մի քանի այց անելուց հետո։ Միայն այս հանդիպումները թույլ կտան Ձեզ հասկանալ, ինչ տիպի բուժում նախընտրել։

Սիրով՝ Մանե Հակոբյան, հոգեբան, հոգեթերապևտ, Psy.D