Հոգեկան տառապանք և տրավմա՝ քիմիա, պսիխոդելիկներ, թե հոգեթերապիա

Ժամանակակից աշխարհում քիմիան, դեղորայքը լայնորեն օգտագործվում է հոգեկան խնդիրների բուժման, հոգեկան ցավն ու տառապանքը մեղմացնելու նպատակով։ Անտիդեպրեսանտները, քնաբերները, տագապը հանգստացնող դեղերը, որոնցով լցված ժամանակակից մարդու դեղատուփը համալրվում է նոր քիմիաներով, այս անգամ հոգեդելիկներով, կամ գիտակցության վիճակը փոփոխող և ապաքինում ու հոգեկան տառապանքի թեթևացում խոստացող միջոցներով։
Հասկանալու համար քիմիա/հոգեթերապիա հարաբերակցությունը, ես պետք է սկսեմ իմ քննարկում հոգեկան տառապանքի, հոգեկան ցավի գաղափարից, թե ինչ է այն նշանակում հոգեբանության տեսակետից, որոնք են դրա մեխանիզմներն ու հիմքերը։
Հոգեկան տառապանքը զգում է մարդը, նրա մարմինը և հոգին։ Տառապանքի աղբյուրները, պատճառները շատ տարբեր են, բայց կա մի ընդհանուր բան, մարդը զգում է հոգեկան ցավ, այստեղ ուզում եմ շեշտել “հոգեկան” բառը, քանի որ դա ֆիզիական ցավ չէ, դա այլ բան է, որը հաճախ այնքան ուժեղ և անտանելի է, որ մարմինը ևս սկսում է արձագանքել։
Այն դեպքերում, երբ մարդը ժամանակի մեծ մասը նման ցավ է ապրում, այդ ցավը չի անցնում, չի թուլանում, մարդը տևական ժամանակ տառապում է, նման վիճակը ժամանակակից բժշկությունը որակում է որպես հոգեկան խնդիր, որը անհրաժեշտ է բուժել։ Բուժել քիմիական, հոգեթերապևտիկ կամ ցանկացած այլ ճանապարհով։
Հոգեկան տառապանքը հասկանալու համար պետք է խոսենք հոգեկան տրավմայի մասին, քանի որ դա է նրա հիմքը։ Տրավմայի մասին մենք խոսում ենք այն ժամանակ, երբ կա հոգեկան տառապանք, որը չի մարում։ Հոգեկան տրավման գլխուղեղում ստեղծում է նյարդային գրգռվածության մի օջախ, որը չի մարում, այսինքն մարդը չի հանգստանում, չի կարողանում իրեն հանգստացնել, չի կարողանում ապրել ուրախության, երջանկության, հանգստության զգացումներ, լիովին չի լիցքաթափվում։
Որոնք են հոգեկան տրավմայի պատճառները և այն ծնող գործոնները
Դա մի կողմից՝ մեր ժառանգականությունն է, կան ի ծնե զգայուն մարդիկ, մյուս կողմից՝ արտաքին տրավմատիզացիայի ուժգնությունը, երրորդ կողմից՝ տրավման մարսելու, այն մարելու նեյրոհոգեկան հնարավորությունները։
Հոգեկան տրավմա

Տրավմաներն ուսումնասիրող մասնագետներն ասում են, որ տրավմայից ազատվելու միակ եղանակը, անվտանգ պայմաններում այն վերապրելն է։
Հոգեկանը ինքը հակում ունի տրավմայից ազատվելու և այդ նպատակով տրավման անընդհատ կրկնում է, վերահրատարակում, հույսով, որ այս անգամ ելքը այլ կլինի։ Սրա վառ վկայությունն են կրկնվող երազները, դրանք բոլորը տրավմայի մասին են պատմում, դրանց լեզուն մասնագիտորեն վերծանելու դեպքում։
Կա տրավմատիկ կրկնության ավելի վտանգավոր ձև, երբ մարդը իրական կյանքում անգիտակցորեն գցում է իրեն տրավմատիկ իրավիճակի մեջ, ինչ որ հույսով, որ այս անգամ այլ կերպ կլինի։
Գոյություն ունեն մարդու հոգեկան զարգացումը ուղեկցող ունիվերսալ տրավմաներ, օրինակ՝ ծննդյան տրավման, կրծքից կտրվելու փորձառությունը և այլն։ Գոյություն ունեն տեխնոգեն, հոմոգեն և բնական աղետների հետևանքով առաջ եկող տրավմաներ, որոնք ևս ցավ ու տառապանք են պատճառում մարդկանց, պատերազմի տրավմաները, աբյուզը, բռնությունը և այլն։
Հիմա ինչ կարող է անել քիմիան կամ դեղորայքը այս իրավիճակում։ Քիմիան կարող է արդյո՞ք վերացնել ուղեղում այս գերգրգռված օջախը և ինչ տեսակի ազդեցություն դա պիտի լինի։
Եթե երևակայենք, օրինակ, որ կա մի քիմական դեղանյութ, որը ջնջում է ուղեղում այդ օջախը, իր բովանդակություննով հանդերձ, այլ կերպ չի լինի, եթե սա տեղի ունենա, ապա մարդը նաև կկորցնի իր հոգեկան բովանդակությունների մի մասը, հիշողությունների մեջ անցք կբացվի։ Ու սա կարող է դառնալ նոր տրավմա, որ մարդը զգում է, որ մի բան կա, որ պակաս է իրեն։ Բարեբախտաբար, թե ցավոք, նման քիմիա մարդկությունը դեռ չի հայտնաբերել։
Եթե որոշենք բովանդակությունները պահել, բայց ջնջել էմոցիան, ապա մարդը իրեն շատ տարօրինակ կզգա, ու էլի կլինի զգացողություն, որ մի բան կիսատ ես զգում։
Անտիդեպրեսանտներ և այլ հոգեմետ դեղեր

Շատ հոգեբույժներ նշում են, որ իրենք զգուշացնում են իրենց այցելուներին այն մասին, որ տվյալ անտիդեպրեսանտը նրան կարող է անտարբեր դարձնել ցավի հանդեպ, կամ արհեստական բարձր տրամադրություն և լավատեսություն հաղորդել և այդ վիճակում, մարդը կարող է անել գործողություններ, ընդունել որոշումներ, որոնք թելադրված են այս բարձր տրամադրությամբ։ Պսիխոդելիկներից սինթեզված MDMA նյութը մարդուն դարձնում է խիստ էմպաթիկ, շփվող, մարդամոտ, բարի։
Մի այլ բան էլ կա, որ քիմիան չի փոխի մարդու ընդհանուր հոգեկան կառուցվածքը, այն մեխանիզմը, որը ստիպում է նրան տրավմատիկ իրավիճակներում հայտնվել և, որ ավելի վտանգավոր է մղում ունենալ կրկնելու դրանք։
Քիմիան ցանկալի է և անհրաժեշտ բոլոր այն դեպքերում, երբ այս կամ այն պատճառով հոգեթերապիա հնարավոր չէ, այն միակ լուծումն է։ Սա է պատճառը, որ հոգեկան շատ հիվանդություններ համարվում են խրոնիկ են և անբուժելի։
Հոգեթերապիա
Հոգեկան տառապանքը մեղմելու, բուժելու մյուս եղանակը հոգեթերապիան է։ Այն չի խոստանում բացարձակ երջանիկ և ուրախ կյանք, հարյուր տոկոսանոց արդյունք։ Բայց խոստանում է հոգեկան դիմադրողականության բարձրացում, որը հնարավորություն է տալիս դիմակալել, տիրապետել և կառավարել ներքին և արտաքին պատճառներից եկող հոգեկան ցնցումները։ Հոգեթերապիայի ընթացքում, հատկապես, եթե այն խորքային և երկարատև է, մարդը թերապևտի հետ հարաբերություններում հնարավորություն է ստանում կրկին վերապրել և կրկնել իր բոլոր տրավմաները։

Խորքային հոգեթերապիայի ընթացքում ստեղծվում են հատուկ պայմաններ, սեթինգ, որը թույլ է տալիս տրավմաներին ակտիվանալ։ Ստանալով հոգեթերապևտից հետադարձ կապ իր մասին, մարդը աստիճանաբար սկսում է ավելի ու ավելի շատ բան հասկանալ ինքն իր մասին, ինչ է նա անում ինքն իր հետ, ինչու է նա դա անում, որտեղից է դա գալիս։ Այս հասկացողությունը բուժման բուն էությունն է, քանի որ հասկանալով նա արդեն տիրապետում է այն ինֆորմացիային և հետևաբար ունի ընտրություն վարվել այս կամ այն կերպ։
Գիտակցության ընդլայնմանը զուգահեռ տեղի են ունենում նաև անգիտակցական փոփոխություններ ի հաշիվ նրա, որ այցելուն ներքնայնացնում է թերապևտի թերապտիկ ֆունկցիան, ունակ է դառնում վերլուծել ինքն իրեն և խորքային բացահայտումներ անել ինքն իր անձի շուրջ։
Հետգրություն; Ու եթե մտածենք տրավմայի մասին էզոտերիկայի դիրքերից, ապա կյանքը երկրի վրա կարծես քավարանի հերթական մակարդակ լինի։ Գայթակղությունը նրանում է, որ կյանքի սկզբում մարդուն ամեն ինչ տրվում է, իսկ հետո, նրանից ամեն ինչ վերցվում, ամենավերջում՝ կյանքը։ Ու սա տրավմատիկ է։ Որոշներին էլ տրվում է շատ քիչ ու մեծ ախորժակ և ամբողջ կյանք մնում է զգացողություն, որ չտրվեց ու այդ ունեցած քիչն էլ վերցվեց։ Սա ևս տրավմատիկ է։ Միակ լուծումը ընդունելն է, համակերպվելը կյանքի այս սահմանափակումների հետ, որը անվանում են հանդուրժողականություն։
Տեքստի հեղինակ՝ Մանե Հակոբյան