ՀՈԳԵԲԱՆ OnLine

Նևրոզ

Woman With Umbrella on Beach

Նևրոզը հոգենյարդային հիվանդություն է։

“Հոգե” բառը այստեղ պատահաբար չի հայտնվել նյարդայինից առաջ։ Սա այն պարզ պատճառով է, որ նևրոզի պատճառները ներհոգեկան են, հոգեբանական։

Նևրոզը ներքին չգիտակցված, հետևաբար լուծման համար անհասանելի կոնֆլիկտի դրսևորումն է հոգենյարդային սուր տագնապի, լարվածության, խուճապի, տարաբնույթ այլ` ոչ տրամաբանական ախտանիշների տեսքով՝ ֆոբիաներ, կպչուն մտքեր, դեպրեսիա, սոմատիկ ախտանիշներ, տարբեր օրգանների և օրգան համակարգերի ֆունկցիոնալ խանգարումները և այլն։

Նևրոզը միշտ ուղերձ է, նևրոզի սիմպտոմները մեզ միշտ ինչ որ բան են ասում, միաժամանակ լռելով։ Նևրոզը առաջանում է այնտեղ, որտեղ մարդու անձնային աճը որևէ պատճառով անհնար է դառնում։ Նևրոզը ինֆանտիլ երևույթ է, դրանում արտահայտված են մարդու անձի ոչ հասուն կողմերը։

Մարդը պատմում է մեզ իր տառապանքի, իր չլուծված խնդիրների մասին մարմնով և անհամարժեք էմոցիաներով /ֆոբիաներ, տագնապ, չհիմնավորված թախիծ/ կամ կպչուն սևեռուն, ոչ արդյունավետ, կրկնվող մտքերով, մտավոր գործողությամբ։

 

Man in Brown Coat and Gray Backpack Posing for a Photo

Հետևաբար նևրոզի բուժումը, դրա վերջնական ամոքումը՝ անձնային աճն է, որը հնարավոր է դառնում միայն, երբ մարդը գիտակցում է իր ոչ հասուն մասերը, կոնֆլիկտները և այլն։ Եվ, քանի որ մարդը շատ դեպքերում ունակ չէ միայնակ ներհայել իր անձի ոչ հասուն կողմերը, այդ հարցում նրան օգնության է գալիս հոգեթերապևտը։

Person in Black Pants and Black Shoes Sitting on Brown Wooden Chair

Հատուկ կանոններով կառուցված թերապևտիկ կադրում, սեանսի ժամանակ մարդը արտահայտում է իրեն, իր անձի տարբեր կողմերը, իսկ թեևապևտը դա ընկալում և հայտնում մարդուն ենթադրությունների ձևով։ Թերապևտի ենթադրությունների ճշմարտացիության չափանիշը թերապիայի մեջ առաջխաղացումն է։

Թերապևտը նախապես սովորում է հոգեթերապևտիկ մեթոդ, որը օգնում է նրան հասկանալ մարդուն։ 

Այս կերպ թերապիան առաջ է շարժվում ընդլայնելով մարդու պատկերացումները իր մասին, որին զուգահետ նևրոզի ախտանիշները աստիճանաբար թուլանում են և ի վերջո` վերանում։

Հոգեթերապևտիկ գործընթացը թարգմանչական այդ նուրբ արվեստն է, որը թույլ է տալիս վերածել հոգեկան տառապանքը խոսքի, խորհել դրա շուրջ, լուծումներ փնտրել, կարիք չունենալով այլևս անառողջ ձևով արտահայտելու իր տառապանքը

Photo of Woman Looking at the Mirror

Պարզել, թե որքանով է հենց Ձեզ համար արդյունավետ հոգեթերապիան հնարավոր է միայն հոգեթերապևտի մոտ մի քանի այց անելուց հետո։ Միայն այս հանդիպումները թույլ կտան Ձեզ հասկանալ, ինչ տիպի բուժում նախընտրել։