Երբ հոգեբանին այցելում է սիրային զույգը
Զույգերի հոգեթերապիան հոգեբանական աշխատանք է սիրային, ինտիմ հարաբերություններով միմյանց կապված, առանձին դեպքերում ամուսնական զույգերի հետ։Զույգերի հոգեթերապիան իրականացվում է շաբաթը մեկ կամ երկու հանդիպումներ ձևաչափով` կաբինետում և առցանց։
Զույգերի հոգեթերապևտիկ տարբեր մեթոդներ և տեխնիկաներ կան, ինչպես օրինակ՝ սեռական թերապիան, վարքաբանական թերապիան, հոգեվերլուծական թերապիան։ Դրանք կարող են համադրվել միմյանց հետ, ինչպես նաև կիրառվել առանձին։ Կախված խնդրի տեսակից հոգեթերապևտը նախընտրությունը տալիս է թերապիայի այս կամ այն ձևին կամ համադրում դրանք։
Որ դեպքերում է ցուցված զույգերի հոգեթերապիան
Այն կարող է օգտակար լինել բոլոր այն դեպքերում,
- երբ զույգի հարաբերություններում առկա է ճգնաժամ։
- Զույգը գտնվում է ամուսնալուծության եզրին կամ արդեն սկսել է ամուսնալուծության գործընթացը․ հաջող թերապիան կարող է կանխել ամուսնալուծությունը,
- Զույգն ունի կողմերից մեկին, կամ երկուսին չբավարարող սեռական կյանք, կամ այն գրեթե բացակայում է,
- Զույգերից մեկը դավաճանել է մյուսին, որը հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել։
- Զույգն ունի սրված կոնֆլիկտային հարաբերություններ, վեճն ու կռիվը, փոխադարձ վիրավորանքներն ու խռովությունը նրա կյանքի անբաժան ուղեկիցներն են։ Ընտանեկան բռնության կրկնվող էպիզոդների դեպքում, հաջող թերապիան կկանխարգելի դժբախտ ելքով պատահարները, ընդհուպ մինչև մարդկային կյանքին և առողջությանը հասցվող վնասները` ինքնասպանության, սպանության փորձ, ծեծ, հոգեբանական բռնություն և այլն։
- Այն դեպքում, երբ զույգերի փոխհարաբերություններում բացակայում է հոգեկան մտերմությունը, զույգերը օտարացած են իրարից, անտարբեր միմյանց նկատմամբ։
- Զույգը ցանկանում է էլ ավելի բարելավել եղած հարաբերությունները, թարմություն մտցնել դրանցում կամ առավել մեծ ինտիմություն ձեռք բերել։
Ինչպես է աշխատում զույգերի հոգեվերլուծական թերապիան
Զույգերի հոգեվերլուծական թերապիան իրականացվում է ազատ զուգորդությունների մեթոդի, տրանսֆերի և կոնտրտրանսֆերի ծավալման ու դրանց մեկնաբանման տեխնիկայի կիրառությամբ։
Այն հիմնվում է այն դրույթի վրա, որ զույգերի ներդաշնակ հարաբերությունների հարցում առանցքային նշանակություն ունի զույգերի միջև առկա անգիտակցական հաղորդակցումը։ Երբ երկու մարդու անգիտակցական սպասումներն ու վերագրումները փոխադարձաբար լրացնում են միմյանց նրանց միջև շատ արագ առաջանում են մտերմիկ հարաբերություններ։
Անգիտակցական հաղորդակցման անխոչնդոտ ընթացքով է պայմանավորված զույգերից յուրաքանչյուրի ունակությունը խորը մտերմիկ հարաբերություններ պահպանել մյուսի հետ։
Խոչնդոտները անգիտակցական հաղորդակցման գործում հանգեցնում են նրան, որ ինչ-որ պահից սկսած զույգերը խորթանում, օտարանում են միմյանցից, սառում իրարից։ Ցավալին այն է, որ այդ օտարացումը կարող է դիտարկվել ամուսնությունից հետո, որն էլ ավելի անցանկալի է, քանի որ յուրաքանչյուր ոք ամուսնանալով, հույսն ունի, որ գտել է հոգեհարազատ մեկին, ում հետ կանցկացնի իր կյանքը
Ինչ ակնկալել հոգեթերապիայից
Հաջող թերապիայի ընթացքում զույգերը սկսում են գիտակցել, թե նրանցից յուրաքանչյուրը ինչպիսի չբավարարված պահանջմունք ունի, որը նա չի գիտակցում, միաժամանակ դրա բավարարումը ակնկալում մյուսից՝ պահանջելով նրանից անկարելին, արգելվածը, և չստանալով այն, մնում հավերժ դժգոհ և չբավարարված։
Զույգերի հոգեվերլուծական թերապիան նպաստում է նաև զույգերի միջև սահմանների հստակեցմանը, զույգի ներսում առավել հասուն հարաբերությունների հաստատման հնարավորություն ստեղծում։
Թերապիայի ընթացքում զույգերը աստիճանաբար սկսում են հասկանալ, թե ինչու են ընտրել հատկապես տվյալ մարդուն, թե ինչն է նրանց կապում իրար հետ, թե ինչպես են նրանք անգիտակցորեն փոխլրացնում միմյանց, և թե ինչն է ապահովում նրանց զույգի հարատևությունը։ Այս ամենի հասկացումը հոգեթերապիայի ընթացքում հանգեցնում է զույգերի ինտիմ անձնական փոխհարաբերությունների էական բարելավմանը, զույգերից յուրաքանչյուրի հոգեկան հասունացմանը, որը և զույգերի ներդաշնակ և հարատև հարաբերությունների գրավականն է։
Որ դեպքում ինչ հոգեթերապևտիկ մեթոդին նախընտրություն տալ
Եթե օրինակ՝ զույգերի սեռական կյանքի խնդիրները պայմանավորված են կրթության կամ ինֆորմացիայի պակասով, դաստիարակության առանձնահատկություններով, որը հանգեցնում է սեռական կյանքում կաշկանդվածության, ամոթի, ապա նախընտրելի է սեռական թերապիան նաև վարքաբանականը։ Թերապիայի այս տեսակները սովորեցնում են զույգերին սեռական հարաբերություններում միմյանց հաճույք պատճառել, ձերբազատվել բարդույթներից և լինել ազատ միմյանց հետ, սովորեցնում են սեռական վարքի ձևեր։ Զույգերի հոգեվերլուծական թերապիան նախընտրելի է կիրառել այն դեպքում, երբ զույգերի սեռական հարաբերությունների աններդաշնակությունը պայմանավորված է հոգեբանական գործոններով, զույգերից յուրաքանչյուրի անձով և կյանքի պատմությամբ, որը և ձևավորում է մյուսի հետ հարաբերությունների որոշակի ոճ։
Տեքստը՝ Մանե Հակոբյանի