Ինչպես պահպանել երեխայի հոգեկան անդորրը պատերազմի դեպքում
Պարզ լեզվով բացատրեք նրանց, թե ինչ է կատարվում շուրջը, սակայն պատմելիս երեխաների ուշադրությունը կենտրոնացրեք այն հանգամանքի վրա, որ մեծերն ամեն ինչ անում են իրենց անվտանգությունն ապահովելու և որքան հնարավոր է շուտ նորմալ կյանքին վերադառնալու համար։
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝ ԽՈՍՔԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՀՈՒՅԶԵՐՆ ՈՒ ՄՏՔԵՐԸ:
Կարևոր է, որ երեխաները զգան, որ իրենց հույզերն ու զգացմունքները հասկանալի և շատ բնական են տվյալ իրավիճակում: Բացատրեք երեխային, որ բարկանալը, վախենալը, անհանգստանալը նման իրավիճակներում միանգամայն նորմալ է
։
ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒ ՁԵԶ:
Խոսեք երեխայի հետ, լսեք նրան, որպեսզի նա կարողանա հարցերի միջոցով արտահատել իրեն անհանգստացնող թեմաները:
ԵՐԵԽԱՅԻՆ ՏՎԵՔ ՈՐԵՎԷ ԶԲԱՂՄՈՒՆՔ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԱ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՐ ՀՈՒՅԶԵՐԸ:
Դա կարող է լինել նկարչությունը, խաղը, թատերական փոքր ներկայացումները: Կարելի է նաև այդ ամենը կազմակերպել մանկական խմբերում՝ մանկապատեզներում, դպրոցներում և այլն: Խմբային նմանատիպ աշխատանքների նախապատրաստության մեջ ցանկալի է ներգրավել մասնագետների՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների, սակայն բուն գործընթացի անցկացումը պետք է վստահել մեկին, որին երեխաները լավ ճանաչում և սիրում են /ուսուցիչներ, դաստիարակներ և այլն/:
ԵԹԵ ԵՐԵԽԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ, ՏԱԳՆԱՊԻ ՄԵՋ Է, ՕԳՆԵՔ ՆՐԱՆ ԿՈՆԿՐԵՏԱՑՆԵԼ ԻՐ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ:
Այդպես ավելի հեշտ կլինի կառավարել դրանք:
ՀԱՐՑՐԵՔ ԵՐԵԽԱՅԻՆ՝ ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉԻ՞Ց Է ՆԱ ՎԱԽԵՆՈՒՄ, ԻՆՉԻ՞Ց Է ԶԳՈՒՇԱՆՈՒՄ, ԸՍՏ ՆՐԱ՝ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԵԼ:
Հիշեցրեք երեխային հաջողված իրավիճակներ իր կյանքից, երբ նա կարողացել է հաղթահարել դժվարությունները, լուծել խնդիրները կամ հաղթահարել վախը:
ՈՒՂՂՈՐԴԵՔ ԵՐԵԽԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ:
Երբ երեխաները զբաղված են ինչ-որ բանով, որը հիշեցնում է նրանց նախկին խաղաղ և հանգիստ կյանքը, դա հանգստացնում և վստահություն է ներշնչում իրենց: Լավագույն տարբերակն է, երբ կա հնարավորություն ծնողների հետ միասին ինչ-որ բան անելու, օրինակ, կավով կամ պլաստիլինով ինչ-որ բաներ պատրաստելու, բլիթներ թխելու և այլն:
ՀԻՇԵՔ, ՈՐ ԿՅԱՆՔԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՄԱՐՄՆԱԿԱՆ ԿԱՊԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ՝ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆ, ՓԱՂԱՔՇԱՆՔ, ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ:
Ընտանեկան հոգեբան Վիրջինյա Սատիրը պնդում է, որ երեխայի նորմալ զարգացման համար հարկավոր է նվազագույնը ութ գրկախառնություն օրվա մեջ: Իսկ դե պատերազմական իրավիճակներում բնական է, որ այդ ամենի կարևորությունն ավելի է մեծանում երեխայի համար: Այնպես որ, նույնիսկ ամենախիստ ծնողները պետք է որոշակի զիջումների գնան և թույլ տան իրենց երեխաներին, օրինակ, քնեն իրենց սենյակում կամ անկողնում, քանի որ հենց ծնողների հետ մտերմությունն է երեխաներին հանգստություն ներշնչում և ապահովության զգացում հաղորդում:
ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ՆԱԵՎ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄԸ:
Քանի որ մարտական գործողությունների ժամանակ փակվում են դպրոցները, մանկապարտեզները, խմբակները, և երեխաները զրկվում են առօրեական շփումներից, կարելի է երեխաների շփման պահանջմունքը բավարարել՝ Ձեր տուն կանչելով այլ երեխաների: Շփվելով՝ երեխաները շատ արագ միմյանցից սովորում են վախը հաղթահարելու տարբեր եղանակներ: Շփումը հասակակիցների հետ հատկապես կարևոր է էքստրավերտ երեխաների համար:
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ, ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ ՄԱՍԻՆ:
Երեխային օգնելու հնարավորությունը ուղղակիորեն կախված է Ձեր հոգեկան ուժից, որը թույլ կտա հաղթահարել դժվարին իրավիճակները: Եթե Դուք տագնապի կամ խուճապի մեջ եք, երեխաները կկրկնեն Ձեր հոգեվիճակը: Մի՛ փակվեք Ձեր տագնապի մեջ: Խոսեք Ձեր վախերի մասին ուրիշների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր կարող են հասկանալ Ձեզ և կարեկցել: Սեփական հույզերն ու մտքերը կիսելու հնարավորությունը թեթևության, ապահովության և կայունության զգացումներ կհաղորդի Ձեզ:
Նյութը թարգմանեց և խմբագրեց Արփինե Դանիելյանը:
Սկզբնաղբյուր http://anna-zarembo.livejournal.com/61130.html