Հոգեբան հասանելի յուրաքանչյուր վայրից

Ինչ մտածել, երբ Ամանորին թախծում ես

snowflake, winter, season-1918794.jpgԱմանորը իրավմամբ տոների թագուհին է: Այն նշում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում: Դրան անհամբերությամբ սպասում են բոլորը, բայց հատկապես մանուկները: Ամանորը,  որը տոնումն է նոր տարու գալստյան և ճանապարհումը՝ հնի, մարդկանց մոտ ավանդաբար զուգորդվում է տոնածառի ու տոնական տրամադրության, Ձմեռ Պապիկի ու նվերների, տարբեր զվարճությունների ու համեղ կերակուրների,  ուրախության և երջանկության հետ: Շատ շատերիս համար այն կապված է նաև ձյան, մանդարինի բույրի, տոնական հանդեսների հետ: Ըստ հավատալիքի Նոր Տարվա գիշերը իրականանում են բոլոր երազանքները, Ձմեռ պապիկը այցելում է մանուկներին և նրանց բարձի տակ դնում այն նվերները, որոնց մասին նրանք երազել են ողջ տարի, և հանուն ինչի լավ են սովորել, լսել են մեծերին, կերել են չսիրած նախաճաշիկն ու ճաշիկը և, չեն նեղացրել փոքրիկներին այլն:

Հավատամքը, որ Ամանորը բոլոր երազանքների իրականացման օր է ծնունդ է առնում մեր մանկությունից, շարունակվում արդեն մեծահասակ տարիքում, ինչի արդյունքում մեզանից շատերը Ամանորի նախօրեին ապրում են հակասական զգացումներ, մի կողմից՝ Հրաշքի Սպասում, մյուս կողմից  դրա անհնարինության դառը և հիասթափեցնող  գիտակցում: Հրաշքի սպասելու, երազանքների իրականացման և դրա անհնարինության հերթագայող  հակադրությունն էլ շատ մարդկանց պատող անհանգստությունն ու լարվածությունը հիմնական պատճառն է Ամանորի նախօրեին:

Հայտնի խոսքեր են, որ մենք բոլորս ծնունդով մանկությունից ենք և մանկության ամանորյա ապրումները՝ դառը և քաղցր խոր հետք են թողնում մեր ներաշխարհում: Եթե նույնիսկ դատողությամբ մենք նախապես մոտավորապես գիտենք այն ամենը ինչ մեզ սպասվում է ամանորյա տոներին /քանի որ շատ բաներ հենց մենք էլ պլանավորել ենք նախապես/ միևնույն է մենք բոլորս ապրում ենք Հրաշքի և անխուսափելի հիասթափության հերթագայող ապրումներով: Առանձին դեպքերում այն վերածվում է մելամաղձոտ տրամադրության, որը կարող է շարունակվել մարդու մոտ մի քանի օր։

Ամանորյա տոներն ուղեկցող թախիծի դեմ տարբեր մարդիկ պայքարում են տարբեր կերպ՝ համաձայն իրենց բնավորության: Մի մասը զբաղվում է որկրամոլությամբ ու հարբեցողությամբ, փորձում է քեֆ, ուրախությունների մեջ թաղել իր թախիծը, մտերիմ և ոչ շատ մտերիմ մարդկանց շրջապատում մոռանալ իր տխրությունը, այլոք անկեղծորեն թախծում են և չեն էլ պատրաստվում թաքցնել այն: Որոշ մարդիկ ձգտում են մեկուսանալ այլ մարդկանցից, խնդրում, որ այդ օրերին իրենց հանգիստ թողնեն, չանհանգստացնեն: Վերջին տարիներին խիստ մոդայիկ է Ամանորյա տոներին ճամփորդելը: Մեր դիտարկումներով Ամանորյա տոներին թախծում է մեծահասակների գերակշռող մեծամասնությունը: Անհոգ են միայն մանուկները, ովքեր աներկբա հավատում են Ամանորյա Հրաշքին և ապրում դրա սպասումով: Նրանց համար Նոր Տարվա գալուստը տոն է նաև այն պատճառով, որ մեկ տարով էկ մեծացան: Բոլորս կհիշենք, թե մանուկ հասակում որքան ենք մենք շտապում մեծանալ և որքան ուրախ էինք դրա համար: Ճակատագրի հեգնանքով արդեն մեծահասակ տարիքում մենք նույնչափ տխրում ենք, երբ մեծանում ենք ևս մեկ տարով: Սա ամանորյա տխուր տրամադրության մյուս պատճառն է:

Ամանորյա թախծոտ տրամադրության համար ունի նաև շատ այլ պատճառներ, որոնցից շատերը օբյեկտիվորեն գոյություն ունեն և ակամա ստիպում են մեզ տխրել:
Ամանորյա տոներին մարդիկ թախծում են որովհետև տարին վերջացել է, բայց չեն իրականացել տվյալ տարվա իրենց սպասումներն ու ակնկալիքները: Տխրում են, քանի որ մեկ ամիս առաջ հեռահաղորդակցման բոլոր հնարավոր եղանակներով նրանց ներշնչել են, որ Ամանորը Մեծ Տոն է, բայց նրանցից շատերը այդ ամենատարբեր պատճառներով այդ “Մեծ տոնը” իրենց հոգիներում չեն զգում և սկսում են մտածել, որ իրենց հետ ինչ որ բան այնպես չէ, որ այդ օրը նրանք պարտադիր պետք է լինեին ուրախ և երջանիկ:

Շատերը տխրում են, քանի որ ընտանիքում կան խնդիրներ, կոնֆլիկտ և լարվածությունը, ինչը բնավ չի համապատասխանում տոնական երեկոն անամպ ընտանեկան մթնոլորտի շուրջ անցկացնելու ստերեոտիպին:
Հայ մարդուն տխրեցնում է ամանորյա չափազանց մեծ ծախսերն, դրանց անհամապատասխանությունը իրենց գրպաններին և ընտանեկան բյուջեին, նաև դրանց արդարացված ու տեղին չլինելը: Մարդը ողջ տարին աշխատել է, գումար հավաքել և հիմա ուղղակի ուզում է հանգստանալ, բայց դրա փոխարեն պարտավոր է ծախսել այն ապահովելու շքեղ ամանորյա սեղան, բազում փոխայցելություններ կատարել ամենատարբեր հեռու և մոտիկ մարդկանց տներ և հյուրասիրվել, և հերոսաբար շարունակել անել դա, եթե նույնիսկ եթե ուտում է թվով արդեն  երեսունիններորդ բլիչիկը և կրկնում նույն մաղթանքներն ու շնորհավորանքները արդեն հարյուրերորդ անգամ:

Հայ մարդու հատկապես տխրեցնում է մեծաքանակ հարազատների ու բարեկամների առկայությունը արտերկրում: Մեզանից շատերի համար ամանորը անցնում է սկայպի հարազատների հետ զրուցելով և այդ պահերը շատերի համար թերևս ամենաերջանիկն են ու ամենաթախծոտը, քանզի տեսնել կարող ես, բայց գրկել, զգալ հարազատ մարդու բույրը, ջերմությունը, կենդանի շփումը՝ ոչ:

Այժմ այն մասին, թե ինչ կարելի է անել վիճակը փոխելու համար:

Տարբեր մարդիկ տարբեր կերպ են հաղթահարում ամանորին իրենց պարուրող թախիծը: Դրանց հավելենք ևս երեքը, որոնք միգուցե ինչ-որ մեկին օգտակար կթվան:

Դրանցից առաջինը՝ առաջնորդվել բուդդիստական “ոչինչ չցանկանալու, ոչինչ չակնկալելու սկզբունքով”, այսինքն Ձեր հոգուց իսպառ ջնջել բոլոր այն  սպասումներ, ակնկալիքները, երազանքները, դիրքորոշումներն ու ստերեոտիպերը կապված ամանորյա տոների հետ: Ուղղակի ապրել տվյալ պահի թելադրանքով, չլարվել չփորձել համապատասխանել “ուրախ տրամադրության” ստերեոտիպին”: Եթե Ամանորյա պահին Ձեզ այցելել է թախիծը, դա նշանակում է, որ դուք ունեք հուշեր՝ տխուր և ուրախ օրերի, անվերադարձ, բայց և անմոռաց: ուղղակի թախծեք, բայց միաժամանակ ցնծացեք, քանի որ նոր տարում դեռ էլի կունենաք հնարավորություն կուտակելու լավ հուշեր:  Մարդու հոգում հույզերը ռիթմիկ են, տխրությանը որպես կանոն փոխարինելու է գալիս ուրախությունը: Այդ պատճառով մի ճնշեք թախիծը, ապրեք այն լիարժեք, ազատագրվեք դրանից և հաջորդ պահին այն կփոխարինվի լավատեսության և հույսի զգացումով:

Մյուս տարբերակը՝ ակնկալիքները, սպասումները ու երազանքները նաև դիրքորոշումները հնարավոր սահմաններում իրականության վերածելն է: Նախապես պլանավորեք Ձեր ամանորը այնպես, որ այն առավելագույնս համապատասխանի Ձեր ակնկալիքներին, տոնեք այն Ձեզ համար հաճելի մարդկանց շրջապատում: Եթե Ձեզ հաճելի է մեկուսանալ, միայնակ անցկացնել տոները, անցկացրեք այն միայնակ, ցանկանում էք ճամփորդել, արեք դա: Տխրության, դեպրեսիայի պատճառը առավել հաճախ այն է, որ մարդը պարտավորեցնում է իրեն անել ինչ-որ բաներ: Կարճ ասած՝ արեք այն ինչ ցանկանում էք և եղեք երջանիկ, վայելեք պահը: Եթե ոչինչ չեք ցանկանում, ուղղակի ոչինչ մի արեք: Պարգևեք Ձեզ ներքին մղումներով շարժվելու երջանիկ բերկրանքը:

Երրորդ տարբերակը ուղղակի կարդացեք այս հոդվածը և մտորեք դրա շուրջ, իսկ ելքերը կգտնեք ինքներդ:

Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորը, մաղթում ուրախ և անմոռանալի տոներ:

Սիրով Ձեր՝ Մանե Հակոբյան