ONLINE ՀՈԳԵԲԱՆ

Հոգեբան հասանելի յուրաքանչյուր վայրից

people, woman, call-2588594.jpg

Ինչպես գրանցվել այցի հոգեբանի մոտ

Հոգեբանի մոտ առաջին այց կատարելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել նրա մոտ հեռախոսազանգի միջոցով։ Ձեր կողմից ընտրված հոգեբանին կամ հոգեբանական կենտրոն զանգահարելիս հեռախոսավարին պետք է ասել, որ ցանկանում եք գրանցվել առաջնային խորհդատվության և խնդրել օր ու ժամ։

phone, cell, customer service-875488.jpg

Հոգեբան հոգեթերապևտին զանգահարելիս Ձեր հայցը կարելի է ձևակերպել այսպես «Բարև ձեզ, ես ցանկանում եմ գրանցվել այսինչ այսինչի մոտ առաջնային խորհրդատվության» կամ, եթե զանգել եք տվյալ հոգեբանին կարելի է ասել․ «Խնդրում եմ տրամադրեք ինձ ժամ Ձեզ մոտ հոգեբանական առաջնային խորհրդատվական այցի համար»։

Եթե զանգահարում եք տվյալ հոգեբանի բջջային հեռախոսին, վարվելաձևի կանոններից ելնելով՝ զանգը ցանկալի է կատարել աշխատանքային ժամերին և օրերին, հնարավորինս խուսափելով երեկոյան ուշ ժամերին, հանգստյան օրերին զանգեր կատարելուց։

Հոգեբանին կամ հեռախոսավարին առաջին հեռախոսազանգ կատարելու ընթացքում ընդունված չէ շատ մանրամասն պատմել Ձեր մասին, Ձեզ հուզող խնդրի նախապատմությունը անել, հոգեբանից տարաբնույթ լուծումներ ու խորհուրդներ պահանջել։

Հիշեք, որ Դուք զանգահարում եք բացառապես տվյալ հոգեբանի մոտ ժամ վերցնելու և որոշ ճշգրտող հարցեր տալու նպատակով։

Ոչ մի իսկական պրոֆեսիոնալ հեռախոսով՝ հանպատրաստի, ոտքի վրա ձեզ խորհրդատվություն չի կարող տալ, առավել ևս հոգեթերապիա անել։ Դա առնվազն լուրջ չի։ Եթե մեկը անում է նման բան, Դուք լուրջ հիմքեր ունեցեք կասկածելու նրա պրոֆեսիոնալիզմի վրա։ Աշխատանքը պետք է արվի աշխատանքի համար նախատեսված վայրում։

Հակիրճ ներկայացրեք հոգեբանին Ձեր խնդիրը, եթե զգում եք դրա կարիքը։

smartphone, phone, call-2212963.jpg

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ զանգում են հոգեբանին երեկոյան ժամը տասին, երբ նա, օրինակ, իր երեխային է քնացնում և ակնկալում, որ վերջինս պետք է ոչ միայն խորանա իրենց խնդրի մեջ, այլև հենց այդ պահին լուծում առաջարկի կամ սպառիչ պատասխան տա։

Կամ խոհանոցում ճաշ պատրաստելու ու լվացք փռելու արանքում հոգեբանը պետք է հեռախոսով իրենց ծանրագույն ախտանիշներով նևրոզը բուժի, կամ ամուսնու ու սկեսուրի արանքում նստած սուրճ խմելու ընթացքում կպցնի Ձեր սիրային խնդիրներից կոտրված սիրտը ։))

Ծիծաղում եք, չէ երևի այս տողերը կարդալուց…

բայց պիտի ասեմ Ձեզ, որ իմ նկարագրածը բնավ հազվադեպ հանդիպող երևույթ չէ։ )
Ասածս ինչ է, եկեք հարգենք հոգեբանի աշխատանքը և վերաբերվենք դրան լուրջ։

Նաև մտածենք այն բանի շուրջ, որ եթե տվյալ հոգեբանը ի վիճակի չէ սահմանազատել իր աշխատանքը, ազատ ժամանակն ու անձնական կյանքը, արդյո՞ք, նա ունակ կլինի է օգնել մեզ ներքին քաոսը կարգի բերելու հարցում ․․․

Հոգեբանական առաջնային խորհդատվություն ազդարարում է հոգեբանական աշխատանքի սկիզբը, բուն աշխատանքը տեղի է ունենում դրան հաջորդող ամիսների, երբեմն տարիների ընթացքում, երբ մարդը կարող է գրանցել կայուն, անդարձելի փոփոխություններ իր հոգեվիճակում և վարքում,

medicine, cooperation, hand-3298451.jpg

Այսպիսով՝ դուք զանգահարեցիք, ժամ վերցրիք և պատրաստվում եք այցելել հոգեբանին։

Այցից առաջ ավելորդ անգամ հոգեբանից չհիասթափվելու և հուսախաբ չլինելու համար պետք է հստակ հիշել մի բան, որ հոգեբանական առաջնային խորհրդատվությունը դա դեռ հոգեբանական աշխատանք, հոգեթերապիան չէ։

Չնայած առաջնային խորհրդատվությունը իր մեջ պարունակում է հոգեբանական աշխատանքի տարրեր և այցելուներից շատերը արդեն առաջին այցից հետո իրենց բավական թեթևացած են զգում, բոլոր դեպքերում մեկ այցի արդյունքում շատ հազվադեպ կարող է արձանագրվել լիակատար ապաքինում, կամ խնդրի ամբողջական լուծում։

Նմանատիպ սպասումները, հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր անծանոթ են հոգեբանի աշխատանքի առանձնահատկություններին, կարող են պատճառ դառնալ խորը հիասթափության, որը կխոչնդոտի նրանց ապագայում դիմել այլ հոգեբանների հոգեբանական օգնություն ստանալու նպատակով։

Հոգեբանական առաջնային խորհդատվություն ազդարարում է հոգեբանական աշխատանքի սկիզբը, բուն աշխատանքը տեղի է ունենում դրան հաջորդող ամիսների, երբեմն տարիների ընթացքում, երբ մարդը կարող է գրանցել կայուն, անդարձելի փոփոխություններ իր հոգեվիճակում և վարքում, նևրոզի ախտանիշների վերացում, հուզական վիճակի բարելավում, կայուն բարձր տրամադրություն, հանգիստ, տագնապներից զերծ հոգեվիճակ և, որն ամենակարևորն է անձնային աճ։

Իսկ եթե այցելու լռակյաց է, չի սիրում խոսել

Այդ մասին հոգ մի արեք, մասնագետ հոգեբան հոգեթերապևտը կկարողանա խոսեցնել անգամ ամենալռակյաց մարդուն …